"Գեղանկարչի համար շատ կարևոր է գոնե մի քիչ մարգարե լինել՝ այսօրվա մեջ տեսնել վաղը" Երվանդ Քոչար

Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ Փարիզում է առաջին անգամ իմ համակ ուշադրությունը գրավել Քոչարի ստեղծագործական ուժն ու նրա մարգարե լինելը:

Պիկասոյի թանգարանում կազմակերպված էր 20-րդ դարասկզբի հայտնի կոլեկցիոներ Ռոզեմբերգի տան հավաքածուի ցուցադրությունը: Ներկայացված էին Պիկասո, Կիրիկո, Էռնստ, Պիկաբիա, Լեժե… և Քոչար:

Իմ հայ լինելը դնելով մի կողմ՝ պիտի ազնվորեն ասեմ, որ Քոչարից ցուցադրվող միակ նմուշը՝ մեկը նրա տարածական նկարչությունից, շատ էր տարբերվում մյուսներից, չնայած ներկայացված ամեն անուն արդեն իսկ մի առանձին հայտնի մեծարժեք ձեռագիր էր՝ իր ժամանակի մեջ հեղափոխական:

Այդ իսկապես կարկառուն անունների կողքով անցնելիս՝ մարդիկ հիանում էին, բայց գալով հասնելով Քոչարի մոտ՝ նախ զարմանում, բացահայտում, արդյունքում՝ էլի հիանում, հետո միայն շարունակում շրջայցը:

Ես երկար կանգնած էի "Տարածական"-ի կողքին, երևի նկատելով իմ սրտի ջերմությունը՝ մոտենում հարցեր էին տալիս: Ես ինձ Քոչարի ժառանգներից մեկն էի զգում, պահի թելադրանքով իրավունք վերապահած՝ խոսելու նրա մասին, թեպետ հետո խիստ զարմացած էի ինձ ոչ հատուկ այդ համարձակությունից: Ինձ շատ էր ցավեցրել են փաստը, որ մարդիկ միայն հիմա են բացահայտում, ու որ թանգարանի խանութ սրահում վաճառվող բացիկների մեջ Քոչարի ստեղծագործությունը չգտա:

Ու ես հանպատրաստից ինձ վրա վերցրեցի հիրավի իմ գլխից մեծ պատրաստակամությունը՝ ամեն հարցնողին պատմելու Քոչարի դեռևս ոչ լիովին գնահատված մեծության մասին, նրա երևանյան քանդակների մասին, որոնց հայացքների տակ մի քանի սերունդ է մեծացել: Ու ինձ ամենին չէր կաշկանդում իմ ֆրանսերենի մեղմ ասած՝ ոչ գերազանց իմացությունը: Ես փորձում էի ամեն գնով մի բան ավելի ասել…

Իհարկե, ես արվեստաբան չեմ, ոչ էլ Քոչարին ու նրա արվեստը ներկայացնող որևէ պատվիրակության ներկայացուցիչ, բայց ես ինձ այնքան գտա նրա ստեղծագործության մեջ, նրա գույների, նրա պատկերած աչքերի ու հայացքների մեջ, որ որոշակի պահից սկսած՝ ես ասես պատմում էի իմ մասին: Իսկ դա արդեն ապահովում էր կատարյալ անկեղծություն, ինչն էլ չէր կարող անտարբեր թողնել ինձ լսողներին… բայց տխուր ու վշտոտ ես հեռացա այդ օրը թանգարանից: Ու ճանապարհին հանկարծ հիշելով նրա չքնաղագույն խոսքը՝ իսկապես մարգարեաբար ասված հենց իմ այդ իրավիճակի մասին, ակամայից սկսեցի ժպտալ.

"Մարդու ամենավեհ արտահայտությունը ժպիտն է, ամենաազնիվ մարդկային զգացումը՝ վիշտը: Վիշտն իջնում է մարդու հոգու խորքը և հաղթանակած, մաքրված, փորձի և փորձության միջով բարձրանում է ժպիտի ձևով: Ժպիտը մի պսակ է, որ մեր միտքը դնում է հոգու վրա":

Եվ այդ պահին այնպիսի զգացողություն ունեի, ասես նա էլ էր ինձ ժպտում՝ այնքան խաղաղ, այնքան վեր՝ գնահատված լինել - չլինելու երկրային ճղճիմ անցուդարձից:

Մի քանի ամիս անց արդեն Պոմպիդու կենտրոնում նորից հանդիպեցի Քոչարի տարածական նկարչության այդ առինքնող ստեղծագործությանը: Քոչարի ծննդյան 125 ամյակի առթիվ առանձին երևացող մասում ներկայացված էր երկու գործ ընդհանուր խորագրով՝ խոնարհում Քոչարին: Այս անգամ ես ավելի դաստիարակված էի, ավելի կրթված: Իմ հետաքրքրությունը նկատողներին ու հարցեր տվողներին ուղղակի կարճ պատասխանում էի՝ "Պատկերացնում եք՝ ես նրա հայրենակիցն եմ":

Ու իմ կարմիր շրթներկից, տոնական հագուստից ու աչքերիս փայլից շատ բան հասկանալով՝ վախենում էին հարցնել, թե ո՛վ է Քոչարը, այլ երկար կարդում էին նրա գործերի կողքին փակցված տեղեկությունը՝ ճանաչելու ու հարստանալու համար:

"Մենք շնորհակալ պիտի լինենք լուսանկարչությանը, որը գեղանկարչությունը ազատեց փաստագրական ժանր լինելու ծանր պարտականությունից",- ասում էր Քոչարը: Բայց այդ օրը ես նրա ստեղծագործության մեջ փաստեր տեսա, լիուլի, անուղղակի, բայց լուրջ փաստեր՝ արյան գույնի, լռության գույնի, տրտմության գույնի փաստեր:

Այդ հանդիպումից ամիսներ անց, վերջերս, ապրիլի 24-ից մի քանի օր հետո, ինձ հարազատ մի հայ ընտանիքի երեխաների հետ զբոսնում էինք Փարիզի Կոմիտասի հուշարձանի հարևանությամբ, երբ հանկարծ 6-ամյա աղջնակը ինձ ասաց. "Գոհար, արի մոտենանք Կոմիտասին, ես քեզ ցույց տամ ծաղիկները, որ դրել եմ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին": Ես ուշադիր նայեցի այդ մաքուր շողուն աչքերին ու նրանց մեջ հանկարծ տեսա Քոչարի գույները, բայց այլ երանգներով՝ ապրելու կարմիրը, ոչ թե արյան, սփոփանքի կապույտը, ոչ թե լռության, պտղաբերության ծիրանագույնը, ոչ թե դառնության:

Մոտեցանք, նա չէր էլ կասկածում, որ իր խոնարհած ծաղիկները պիտի դեռ այնտեղ լինեին. ու այնտեղ էին, դեռ գեղեցիկ ու այնքա~ն ճերմակ, ինչպես հույսի աչքեր:

Ես նայեցի իմ սրտի մեջ ու տեսա ժպիտներ: Այդ պահին իրականում հասկացա Քոչարի միտքը.

"Նկարչի ստեղծագործության մեջ կարևորն այն է, թե ում է ծառայում, ինչին է խոնարհվում":

Գոհար Ավագյան